Մենք շարունակաբար աջակցություն ենք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափին եւ կարողացել ենք չեզոքացնել այն ձեւափոխելու, բանակցային գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու Բաքվի փորձերը:
Անգամ Ալիեւն է խոստովանում, որ փակ դռների հետեւում իր վրա ճնշում են գործադրում ճանաչել ԼՂ անկախությունը. Նալբանդյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, դիվանագետի օրվան նվիրված իր հոդվածում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը,հայտնում է News.am-ը։
Նա, մասնավորապես նշել է.
«Մենք շարունակաբար աջակցություն ենք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափին եւ կարողացել ենք չեզոքացնել այն ձեւափոխելու, բանակցային գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու Բաքվի փորձերը։
Հակամարտության հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ: Իրականացված հետեւողական աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են:
Հիմնախնդրի կարգավորման գործընթացի առանցքում ընդունված փաստաթղթերի շարքում առանձնանում են 2009թ.-ից սկսած համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարությունները, որտեղ ամրագրվեցին հիմնախնդրի կարգավորման միասնական եւ անբաժանելի հիմք հանդիսացող սկզբունքներն ու տարրերը։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, պատրաստակամություն հայտնեց դրանց հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը։
Եթե Ադրեբջանը տարիներ շարունակ պնդում է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է կարգավորվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա համանախագահ երկրների ղեկավարների այդ հայտարարություններով ամրագրվում է, որ հակամարտությունը լուծվելու է հիմնվելով միջազգային իրավունքի ոչ թե մեկ, այլ երեք սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։ Եռանախագահող երկրները հստակ նշեցին, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, իր իրավական միջազգային պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Անգամ Ադրբեջանի ղեկավարն է խոստովանում, որ փակ դռների հետեւում իր վրա ճնշում են գործադրում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եռանախագահող երկրների հայտարարություններում հրապարակայնորեն ամրագրվեցին նաեւ թե՛ Արցախի ու Հայաստանի միջեւ ցամաքային կապը, թե՛ անվտանգության բամզաշերտ երաշխիքները։ Վերոհիշյալ այս բոլոր դրույթներն ի սկզբանե հանդիսացել են մեր դիրքորոշման անկյունաքարը, իսկ այժմ դարձել են միջազգային հանրության մոտեցում։
Սա ցույց է տալիս, թե որքան համահունչ են մեր եւ միջազգային հանրության տեսակետները, որ մենք խոսում ենք գրեթե մեկ լեզվով։
Մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ամրագրվեց եւ 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներին վերահաստատվեց, որ հիմնահարցի բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։ 1994-95թթ. եռանկողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերից հետ կանգնելու Արդբեջանի փորձերին ի պատասխան Հայաստանը եւ եռանախագահ երկրները շարունակաբար շեշտում են, որ դրանք պետք է անշեղորեն իրականացվեն«-ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: