Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը ոստիկանությունը ստացել է 642 հաղորդագրություն ընտրական օրենսդրության տարբեր խախտումների մասին։
ՌԴ ՆԳՆ-ն հայտնել է նախագահական ընտրությունների ժամանակ ստացված ընտրախախտումների 642 բողոքների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին պատմել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, փոխանցում է ՌԲԿ-ն։
Նրա տվյալներով, դրանցից 4-ը դիտորդների բողոքներ են եւ եւս 11-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից են ստացվել։ «Երկու դեպքով՝ Լյուբերցիում եւ Պրիմորսկի երկրամասի Արտյոմ քաղաքում, կարող է քրեական գործ հարուցվել»,-նշել է նա՝ նկատելով, որ ոստիկանները բոլոր փաստաթղթերը փոխանցել են Քննչական կոմիտեին։ Այնտեղ ավելի վաղ արձանագրվել էր քվեաթերթիկների լցոնում:
ՆԳՆ փոխնախարարի խոսքով, ընտրաարշավի մեկնարկից ի վեր հարուցվել են 13 քրեական գործ։ «2012 թվականին ընտրատեղամասերի փակման պահին հարուցվել էին 23 քրեական գործ»,-համեմատել է Գորովոյը։