ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության նախաձեռնությամբ մարտի 30-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ:
Ստեփանակերտում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Համլետ Պետրոսյանն ասել է, որ տոնավաճառում գործատուներն աշխատանք փնտրողներին կտեղեկացնեն առկա և սպասվող թափուր աշխատատեղերի և աշխատանքային պայմանների մասին:
Հ. Պետրոսյանի խոսքով՝ տոնավաճառին կմասնակցի 23 գործատու՝ ներկայացնելով ավելի քան 70 տարբեր ոլորտի մասնագիտություններով 450 թափուր աշխատատեղ:
Մեր զրուցակիցը նշել է, որ աշխատանք փնտրողների համար գործատուների կողմից մասնավորապես առաջարկվում է սպասարկման, արդյունաբերության, առևտրի և առողջապահության ոլորտները: Իսկ աշխատավարձերի չափի մասին աշխատանքի համար դիմողներին տեղում կներկայացնեն գործատուները։
Նա նաև ավելացրել է, որ ծրագրի նպատակն է գործատուների և աշխատանք փնտրողների միջև ստեղծել կապ:
Ոլորտի պատասխանատուն նշել է, որ իրենք ակնկալում են գործատուների և աշխատանք փնտրողների ակտիվ մասնակցությունն աշխատանքի տոնավաճառում:
Տոնավաճառի ընթացքում կներկայացվեն նաև զբաղվածության ոլորտում իրականացվող այլ ծրագրեր ևս:
Ըստ Հ. Պետրոսյանի՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում ներկայումս հաշվառված է ավելի քան 1400 գործազուրկ:
Նշենք, որ քաղաքացիները մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալութուն, կամ զանգահարել 04794-21-40 հեռախոսահամարով: