Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Արցախի պետական համալսարանի գրականության և լրագրության ամբիոնը և ուսանողների հետ տարվող աշխատանքների, հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժինը (ՈւՀՏԱ, ՀԿԼ) հայտարարում են լրագրողական աշխատանքների մրցույթ:
ԱրՊՀ-ն լրագրողական աշխատանքների մրցույթ է հայտարարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱրՊՀ ՈւՀՏԱ և ՀԿԼ բաժնից՝ ավելացնելով, որ մրցույթը հայտարարվում է «լավագույն հիմնահարցային հոդված», «հարցազրույց», «ֆոտոռեպորտաժ» (առավելագույնը՝ 10 թեմատիկ լուսանկար), «սոցիալական հոլովակ» (առավելագույն տևողությունը՝ 2 րոպե), «դիմանկարային ակնարկ» անվանակարգերում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աշխատանքներն ընդունվում են մինչև մարտի 30-ը, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլին: Մրցանակակիրներին կընտրի ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին: Լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն:
Նշենք, որ հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների, հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին (վարչական շենք, 3-րդ հարկ):
Ներկայացված բոլոր նյութերը պետք է համահունչ լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին: Նյութերը կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: