Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրել է նրան, որ Ալիևը հանդես է եկել նոր՝ ավելի մեծ պահանջներով:
Միջազգային հանրության հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Ալիևին. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Ինչպես և ակնկալվում էր. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված տարածքային նկրտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է նրան ավելի մեծ տարածքների նկրտումներ ունենալ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 19-ին Նովրուզի տոնակատարություններին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, թե «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողերում է»: Ավելի վաղ նա ադրբեջանական էր հորջորջել Հայաստանի քաղաքամայր Երևանը: