Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 19-ին ընդունել է Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ու Յուն Կինին (նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպան Կինին՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կարևոր ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և ամրապնդման գործում։ Էդվարդ Նալբադնյանը խորհրդանշական համարեց, որ հենց այսօր ուժի մեջ է մտել Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին որոշումը։ Նախարար Նալբանդյանը և դեսպանը Ու Յուն Կինը մտքեր փոխանակեցին քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային ոլորտում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան Եվրասիական տնտեսական միության և Կորեայի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Նախարար Նալբանդյանը դեսպան Ու Յուն Կինին ներկայացրեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Կորեայի Հանրապետության դեսպանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Դեսպան Ու Յուն Կինը ներկայացրեց կորեական թերակղզում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը և վերջին զարգացումները։ Էդվարդ Նալբանդյանը դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասաց, որ իր համար պատիվ է Կորեան ներկայացնել Հայաստանի պես հարուստ պատմություն ունեցող երկրում։ Ու Յուն Կինը վստահեցրեց, որ Կորեայի նախագահի հանձնարարությամբ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր ոլորտներում հայ-կորեական համագործակցության խորացման համար։
Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը, որոնք իրենց նպաստն են բերում երկկողմ հարաբերությունների զարգացման գործին։