Մարտի 18-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում կայացել է «Քարվաճառ․ վերակառուցենք Արցախը միասին» խորագրով բարեգործական դրամահավաք-ընթրիքը, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքի Մշակույթի կենտրոնի վերականգնման աշխատանքներին։
Գլենդելում կայացել է «Քարվաճառ․ վերակառուցենք Արցախը միասին» խորագրով բարեգործական դրամահավաք-ընթրիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով ներկաներին` ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի ղեկավար Ֆրեդ Վարդանյանը, կարևորել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումն ու Արցախի շենացումը և ներկայացրել ծրագրով նախատեսված գործողությունները, որոնց իրականացմանն են ուղղվելու հավաքված գումարները։ «Project Artsakh-Rebuilding Karvajar» ծրագրով նախատեսվում է անմխիթար վիճակում գտնվող շինության հիմնանորոգում, 300 հոգու համար նախատեսված դահլիճի վերանորոգում, համալրում նորագույն տեխնիկայով՝ ձայնային և լուսային նորագույն համակարգերի ներդնում, 350 ք/մ տարածքում թվով 5 արվեստի ստուդիաների ավելացում և շրջակայքի բարեկարգում»,- ասել է Ֆ. Վարդանյանը:
Նախաձեռնության ղեկավար գրող, հասարակական գործիչ Արա Ահարոնյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին աջակցության և պատրաստակամության համար, մասնավորապես նշել է․ «Քարվաճառի մշակույթի կենտրոնի հիմնանորոգմամբ մենք կկառուցենք ավելի լավ ապագա համայնքի և ողջ տարածաշրջանի համար՝ մշակութային կյանքի ակտիվացման, ինչպես նաև աշխատատեղերի ավելացման հնարավորության տեսանյունից»։
Նախաձեռնության անդամ «Պատիվ» ռազմահայրենասիրական միության նախագահ Ստեփան Գումրիկյանն, ով զուգահեռաբար ձեռնամուխ է եղել Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, նշել է, որ միայն դպրության և մշակույթի կարևոր օղակների ամրապնդմամբ կհարատևի մեր ազգը։ Ահա թե ինչու այսչափ կարևորվում են մշակութային օջախների նորոգման աշխատանքներն Արցախում։
Իսկ բարերար Հարութ Բրոնոզյանը, ով ծրագրին նվիրաբերել է 15.000 ԱՄՆ դոլար, նշել է, որ յուրաքանչյուր հայ անվերապահորեն և առանց երկար մտածելու պետք է գործի՝ հանուն Արցախի և Հայաստանի բարօրության։
Միջոցառման ընթացքում տեսաուղերձով հանդես է եկել Քարվաճառի քաղաքապետը, ընթերցվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը: