Մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի կոմիտեի պատվիրակությունն այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր:
Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատվիրակությունը ղեկավարում է Ֆրանսիայից Քրիստոֆ Անդրե Ֆրասսան: Պատվիրակության կազմում են Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների ներկայացուցիչներ: Պատվիրակությանն ուղեկցել է ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, փոխանցում է NEWS.am-ը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի եւ անմար կրակի մոտ, զոհերի հիշատակը հարգել են լռության րոպեով: Հյուրերը ծանոթացել են նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ցուցադրանմուշներին՝ գրառում թողնելով Հուշամատյանում:
«Ես թանգարանից ստացած մեծ տպավորության ներքո եմ: Այստեղ ցուցադրված է ժողովրդի սարսափելի պատմությունը, որն այս ամենը վերապրել է: Եվ սա 20-րդ դարի առաջին դրաման է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրասա Քրիսթոֆ-Անդրեն: