«Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում կառուցվում է միհարկանի 8 բնակարանանոց նոր շենք:
Միջնավանում շահագործման կհանձնվի բնակելի նոր շենք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն ասել է, որ շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 2017 թվականի ամռանը:
Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքները. այն ավարտելուց հետո նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում:
Ըստ մեր զրուցակցի՝ 8 բնակարաններից 4-ն արդեն ունեն իրենց հասցեատերերը, որոնցից մեկը բազմազավակ ընտանիք է, 2-ը՝ պայմանագրային զինծառայողներ, 1-ը՝ վերաբնակիչ: Մնացած 4 բնակարաններն էլ հետագայում կտրամադրվի վերաբնակիչներին:
Դ. Դավթյանը հայտնել է, որ շինարարությունն ամբողջությամբ կավարտվի 1 ամսից, իսկ բնակարանների հանդիսավոր հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսյան եռատոների օրերին:
Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ Միջնավանում իրականացվում է նաև քաղաքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքներ. այն կավարտվի ապրիլին:
Լուսանկարները՝ Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի