Լեռնային Ղարաբաղում լուրջ էսկալացիա չի լինի, քանի որ դրանում շահագրգռված չէ Իրանը։
Իրանը Լեռնային Ղարաբաղում՝ իր սահմանների մոտ լուրջ ռազմական էսկալացիա թույլ չի տա. Սերգեյ Շաքարյանց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսի կարծիք NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Նրա խոսքով, իրավիճակի լարմամբ շահագրգռված չեն նաեւ Մոսկվան եւ Անկարան, քանի որ նրանք ստիպված են հաշվի նստել Իրանի դիրքորոշման հետ, որը շատ ծանրակշիռ դեր է խաղում տարածաշրջանում. «Պետք է նշել, որ ապրիլյան լարվածության ժամանակ Իրանը զգալի ներդրում է ունեցել ռազմական գործողությունների դադարեցման հարցում։ Ընդ որում, Թեհրանը Մոսկվայից շուտ էր արձագանքել»,–պարզաբանել է քաղաքագետը։
Փորձագետը դա պայմանավորել է այն հանգամանքով, որ Կրեմլը այն ժամանակ զբաղված էր այլ հարցերով, մասնավորապես Դոնբասում տիրող իրավիճակով։ Բացի այդ, այդ ժամանակ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բավականաչափ լարված հարաբերություններ էին ստեղծվել՝ խոցված ռուսական ինքնաթիռի պատճառով։
Քաղաքագետը համարում է, որ այն ժամանակից ի վեր իրավիճակը զգալիորեն փոխվել է, եւ ներկայումս Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար լուրջ նախադրյալներ չկան։ «Եթե ինչ–որ բան տեղի ունենա, ապա հաստատ ոչ Իրանի հետ սահմանին, քանի որ իրանական կողմն արդեն նախազգուշացրել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմին։ Նրանք իրենց կանոններն ունեն եւ նրանց համար կարեւոր է, որ իրենց սահմանին հանգիստ լինի»,–նշել է նա։
Միաժամանակ, Սերգեյ Շաքարյանցը չի բացառել, որ սահմանափակ բախումներ կարող են լինել, սակայն ռազմաճակատի մի քանի հատվածներում։ Նրա կարծիքով, լարվածություն կարելի է սպասել շփման գծի հյուսիսային ուղղությամբ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հաջողության համար կարող է ուշադրությունը շեղող հարվածներ հասցնել՝ ընդհուպ հայ–ադրբեջանական սահմանին, որ շեղի ուշադրությունը հիմնական հարվածի հատվածից։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ Ադրբեջանի քաղաքական եւ ռազմավարական նպատակը Երեւանը վերադարձնել է՝ նշելով, որ այն «իրենց պատմական տարածքն է»:
Իլհամ Ալիեւն Ադրբեջանի պատմական տարածքներ էր անվանել նաեւ Սեւանա լիճն ու Զանգեզուրի շրջանը՝ նշելով, որ այդ մասին պետք է իմանա ամբողջ աշխարհը: