Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում այսօր Արցախի պետական համալսարանում հյուրընկալվել են շվեյցարական «Kuhner Foundation»-ի հիմնադիր անդամները. նրանք բուհի կենսաբանության ամբիոնին նվիրաբերել են լաբորատոր սարքավորումներ:
Շվեյցարական «Kuhner Foundation»-ի անդամներն լաբորատոր սարքավորումներ են նվիրաբերել ԱրՊՀ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Նա ներկայացրել է հիմնադրամի անդամներին և խոսել «Kuhner Foundation»-ի գործունեության մասին:
Ռեկտորը նշել է, որ հիմնադրամն զբաղվում է կրթության, գիտության զարգացմանն ուղղված աշխատանքներով: Հիմնադրամը, ձեռք բերելով լաբորատոր սարքավորումներ, դրանք նվիրաբերում է կրթօջախներին և գիտական կազմակերպություններին:
Մ. Մինասյանն իր խոսքում կարևորել է լաբորատոր սարքավորումներ ունենալու անհրաժեշտությունը, որը հնարավորություն է տալու բուհի դասախոսներին և ուսանողներին իրենց գիտական և ուսումնական գործընթացը պրակտիկ և արդյունավետ կազմակերպելու գործում:
«Kuhner Foundation»-ի անդամ Լորանն ասել է, որ հիմնադրամն ստեղծվել է 2013 թվականին, Շվեյցարիայի նույն համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ Գիֆթինի, Թիմի և իր առաջարկով ու նախաձեռնությամբ:
Ըստ նրա՝ իրենց այս նվիրատվությունը հիմնադրամի առաջին գործնական քայլն է:
Հանդիպմանը հիմնադրամի ներկայացուցիչները ԱրՊՀ դասախոսների, ուսանողների հետ կիսվել են Արցախից ստացած իրենց տպավորություններով, և ընդգծել, որ Արցախը և Շվեյցարիան բնությամբ շատ նման են իրեր: Նրանք ավելացրել են, որ չնայած այն հանգամանքին, որ Արցախն ունի շատ խնդիրներ, սակայն առաջնահերթությունը պիտի տրվի կրթությանը:
Հանդիպման վերջում բուհի ռեկտորը իր և համալսարանականների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադարամի ներկայացուցիչներին՝ հույս հայտնելով, որ իրենց համագործակցությունը լինելու է շարունակական: Մ. Մինասյանը հյուրերին խորհրդանշական նվերներ հանձնել է: