Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիայի հարցում հետքայլ չեն անելու:
Էրդողանը` Սիրիայում ռազմական օպերացիայի մասին. «Հետքայլ չենք կարող անել»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Էրդողանը, Ստամբուլի Բաղջըլար շրջանում հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունենալիս, սիրիական Մանբիչի ուղղությամբ ռազմական օպերացիա սկսելու ազդակներ է տվել:
«Թրամփի և Պուտինի հետ խոսել ենք: Ասել ենք, որ այդ վայրերից արդեն հետքայլ չենք կարող անել, մենք ճնշվածների կողքին ենք: Աֆրինով գործը չի ավարտվում: Դրանից հետո Իդլիբն ու Մանբիչը կան»,-ասել է նա:
Էրդողանը կրկնել է այն տեսակետը, որով Թուրքիայի իշխանությունները «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) նույնականացնում են Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) հետ:
«Ասել էինք, որ նրանց (խոսքը PKK-ի-EH) որջն ենք մտնելու, և մտանք: Նրանք Սիրիա փախան և YPG-ի հետ միավորվեցին»:
Ըստ Էրդողանի՝ մինչև այժմ 3700 զինյալ է վնասազերծվել: