Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» սատդիոնում տեղի ունեցած Հայաստանի եւ Էստոնիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Հայաստան Էստոնիա ընկերական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը տարածքային եւ խաղային առավելություն ուներ: Երկու անգամ հաջողությանը մոտ էր Ռումյան Հովսեփյանը: Ակտիվ էին առջեւի գծի խաղացողները, մշտապես եզրային անցումներով աչքի էր ընկում Կամո Հովհաննիսյանը:
Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը երկու փոփոխություն կատարեց, իսկ խաղի տեմպն ընկավ: Գոլային պահերը սակավաթիվ էին: 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի իրացրած վտանգավոր տուգանայինից հետո էստոնացիներին փրկեց դարպասապահը:
68-րդ րոպեին ազգային հավաքականում իր նորամուտը նշեց արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը փոխարինեց Արտյոմ Սիմոնյանին:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Էստոնիան 86-րդն է։ Սա Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների 5-րդ հանդիպումն էր։
Մարտի 27-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի թիմի հետ: