Չնայած այսօր՝ ապրիլի 14-ի լույս գիշերը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով ստեղծված լարվածությանը, այնուամենայնիվ, երկրում խուճապ չկա, և մարդիկ սովորականի պես շարունակում են իրենց առօրյա աշխատանքով զբաղվել:
Խուճապ չկա, և հայ համայնքը շարունակում է իր սովորական առօրյան. Սիրիայից հաղորդում է Զարմիկ Պողիկյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանն՝ ընդգծելով, որ հայ համայնքը ևս ակտիվ զբաղված է վերականգնման և պատերազմի հետևանքով ավերածությունների վերացման գործով:
«Սիրիայի կառավարական բանակն այսօր մուտք է գործել Արևելյան Ղութայի շրջանի Դումա բնակավայր, որտեղից երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումները վերջնականապես դուրս են եկել: Այն հնարավորություն է ստեղծել, որպեսզի վերաբացվեն Դամասկոսում գործող հայկական վարժարանները, քանի որ այդտեղից ահաբեկիչների ամենօրյա կրակոցները լուրջ սպառնալիք էին հայկական համայնքի անվտանգության համար»,- նշել է Զ. Պողիկյանը և մանրամասնել, որ ահաբեկիչների պատճառով վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական դպրոցները ստիպված փակել էին իրենց դռները: