Մեր լրագրողական խումբը այցելել էր Էդիկ Մալոյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման պահպանության տեղամաս և փորձել անդրադառնալ վերջիններիս առօրյա ծառայության կազմակերպման, զինծառայողների մարտական պատրաստականության և միջանձնային փոխհարաբերություններին վերաբերող հարցերին:
Հայրենյաց պաշտպանների առօրյան հյուսիսարևելյան առաջնագծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Էդիկ Մալոյան անուն-ազգանունը շատերին է հայտնի, պատճառն էլ ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախությունն ու համարձակ գործողություններն էին, որոնք թույլ են տվել իրենց ուղղությամբ կասեցնել ու հետ շպրտել հակառակորդի բոլոր ոտնձգությունները:
Այսօր ժամկետային զինծառայողները, ովքեր ականատես են եղել Մալոյանի ու նրա զինակիցների կատարած սխրանքներին, զորացրվել են, սակայն իրենց հետևում թողել են վառ հուշեր ու տպավորություններ, ինչը նպաստում է անձնակազմի շրջանում մարտական բարձր տրամադրության և ծառայության հանդեպ առանձնահատուկ մոտեցման ձևավորմանը:
Միջանձնային փոխհարաբերությունները առաջնագծում ձևավորվում են հայրենիքի հանդեպ ունեցած սիրո ու նվիրումի արտահայտության շնորհիվ: Դիրքապահները լավ են հասկանում, որ այսօր նրանց առջև մեկ առաքելություն է դրված, այն է` հուսալիորեն պահպանել հայրենիքի սահմանները և այդ գաղափարից վեհ ոչինչ գոյություն չունի:
Մարտական դիրքում ամեն ինչ իր յուրահատուկ համն ու հոտն ունի, տղաների համար այն դարձել է հարազատ: Ոգևորիչ է նաև տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Անկախ տիրող իրավիճակից` դիրքապահները մեկը մյուսի նկատմամբ փորձում են առավելագույնս նրբանկատ, հոգատար և պատասխանատու լինել, ինչն էլ թույլ է տալիս յուրաքանչյուր իրավիճակում կայացնել ճիշտ որոշումներ:
Առաջնագծում կատարած մեր հերթական այցելության ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ հայրենիքի սահմանների պաշտպանությունը վստահված է բարոյակամային առողջ հատկանիշներով օժտված զինծառայողների, ովքեր բարձր մակարդակով իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության շնորհիվ մեր ժողովրդին պարգևում են խաղաղ առավոտներ:
Հարություն Մկրտչյան