Ապրիլի 20-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Կովկասը տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունների աշխարհաքաղաքական հետաքրքրություններում» խորագրով Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում կազմակերպված միջազգային կլոր սեղանի մասնակիցներ Լարիսա Ալավերդյանին, Վալերի Կոնավալովին, Մաքսիմ Վասկովին, Վարլեն Սևումյանին և Ստեփան Ծաղիկյանին՝ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի և պրոռեկտոր Ղարիբ Բաբայանի ուղեկցությամբ:
Խորհրդարանի նախագահն ընդունել է միջազգային կլոր սեղանի մասնակիցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, ուսանողների փոխանակման, փորձուսուցուման արդյունավետ կազմակերպման և փոխհամագործակցության ընդլայնման հարցերի շուրջ:
Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է կլոր սեղանի կարևորությունը՝ մատնանշելով նման միջոցառումների ընթացքում ներկայացվող թարմ գաղափարների ու խորհուրդների նշանակությունը, որոնք հնարավոր ելքեր և ուղղություններ են առաջարկում քաղաքական ոչ ստանդարտ իրավիճակներից առանց ցնցումների դուրս գալու համար:
«Պետք է մշտապես դիտարկել և վերլուծել միջազգային գործընթացները, որպեսզի մեր տարածաշրջանի հեռանկարի համար օպտիմալ եզրակացություններ արվեն ընթացող վերադասավորումներից»,-ընդգծել է Աշոտ Ղուլյանը: