Ապրիլի 20-ին Ստեփանակերտում ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համագործակցության շրջանակներում «Օթևանային բիզնեսը՝ որպես համայնքի զարգացման գործոն» թեմայով կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել:
«Օթևանային բիզնեսը՝ որպես համայնքի զարգացման գործոն» թեմայով կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը «Տուրիզմ պարբերական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ոսկանյանը ներկայացրել է ՀՀ փորձը, թե ինչ սպասումներ ունի B&B (խմբ.՝ B&B-ն երկու անգլերեն բառերի սկզբնատառերով կազմված հապավում է՝ Bed & Breakfast. մահճակալ և նախաճաշ) նախընտրող զբոսաշրջիկը, ինչ խնդիրների հետ է առնչվում այդ կապակցությամբ նա Արցախում և մի շարք այլ հարցեր:
«Ծառայությունը շատ կարևոր է, որպեսզի զբոսաշրջիկները ծանոթանան երկրի ազգաբնակչությանը՝ մնալով այդ մարդկանց տներում և ապրելով այդ ընտանիքի կենցաղով: B&B բիզնեսը զբոսաշրջիկին կացարանով ապահովելու և հանգիստը կազմակերպելելու տեսակ է, երբ տները սպասարկվում են տանտիրոջ կողմից: Տանտերը կարող է նաև լրացուցիչ ծառայություններ մատուցել՝ կազմակերպելով էքսկուրսիաներ, միջոցառումներ: B&B կացարանը կարող է ծառայել ագրոտուրիզմի, գյուղական, արշավային, էքստրիմ տուրիզմների զարգացմանը»,- ասել է Ա. Ոսկանյանը:
Քննարկման ընթացքում կարևորվել է Արցախում ոլորտի պատասխանատուներին աշխատանքի առանձնահատկությունների ծանոթացումը՝ սկսած կացարանի, սենյակների և նախաճաշի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներից մինչև սենյակների հարդարում, հաճախորդի հետ շփում, այդ թվում առաջարկի ներկայացման տարբերակները զբոսաշրջային շուկա ձևավորելու համար:
Նշվել է, որ Արցախի տուրիստական կացարանները պետք է միավորվեն և ստեղծեն մի կառույց, որը կներկայացնի իրենց խնդիրները:
Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին ԱՀ տարբեր գերատեսչությունների և B&B բիզնեսի ներկայացուցիչներ: