ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան N8 ավագ դպրոցում կայացել է «Ստեղծագործող երիտասարդներ» մրցույթի հանրապետական փուլը՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին և մայիսյան եռատոնին:
Ստեփանակերտում կայացել է «Ստեղծագործող երիտասարդներ» մրցույթի հանրապետական փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախադպրոցական բաժնի վարիչ Աննա Այվազյանն ասել է, որ Արցախում մրցույթն առաջին անգամ է կազմակերպվում:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտից և ԱՀ շրջաններից մրցույթին մասնակցում է 11-14 և 15-17 տարեկան տարիքային խմբի 36 դպրոցական:
Ըստ մեր զրուցակցի՝ մրցույթի մասնակիցները պետք է գրեն չափածո կամ արձակ ստեղծագործություններ. ըստ ցանկության՝ նրանք կարող են ստեղծագործել նաև բարբառով:
Ա. Այվազյանն ասել է նաև, որ մրցույթի նպատակը շնորհալի և ստեղծագործող երեխաների բացահայտումն է, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացումն ու ինքնադրսևորումը:Մրցույթի համար երեխաներին տրամադրվում է 90 րոպե ժամանակ:
Նշենք, որ մրցանակային տեղեր գրավածներն արժանանալու են դիպլոմների և նվերների: