Այսօր՝ մայիսի 9-ին՝ Եռատոնին նվիրված՝ տոնակատարությունները Ստեփանակերտում սկսվել են ավանդական քայլերթով:
Եռատոնի հանդիսավոր քայլերթին Ստեփանակերտում մասնակցել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը(լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տոնի կապակցությամբ Ստեփանակերտ է ժամանել ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի և Հայաստանի պետական ու զինվորական բարձրաստիճան այրերի հետ Վերածննդի հրապարակից հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ քայլել է դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Այնուհետև տեղի է ունեցել ԱՀ ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Ապա երկու հանրապետությունների պետական բարձրաստիճան այրերը այցելել են քաղաք Շուշի, որտեղ ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բերդաքաղաքում մասնակցել են հայկական դրամի թանգարանի բացման արարողությանը:
Նշենք, որ Եռատոնին նվիրված` այսօր Արցախի բոլոր շրջաններում նախատեսված են տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Ստեփանակերտում կլինի տոնական համերգ, որը կավարտվի շքեղ հրավառությամբ: