Այսօրվանից Արցախում գործում է նորաստեղծ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն:
Արցախում սկսել է գործել «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում երիտասարդների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Հովիկ Ավանեսովը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ կազմակերպության հիմնադրման գաղափարն առաջացել է դեռևս 2016 թվականին:Երկու տարի աշխատելով ՀԿ-ի կանոնադրության և գործունեության ռազմավարության շուրջ՝ «Երիտասրադական հանրային հետազոտությունների կենտրոն»-ը 2018 թվականի հունվարի 10-ին ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել է, որպես իրավաբանական կառույց:
Մեր զրուցակցի խոսքով՝ կազմակերպությունն հիմնականում գիտավերլուծական ուղղվածություն ունի. համադրելով գիտական վերլուծության բոլոր բնագավառները՝ կազմակերպությունը կատարելու է համապատասխան ընդհանրացումներ:
«Մեր նպատակն է նպաստել ազգային միասնական գաղափարախոսությանը, ընդգրկել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդությանը՝ իրականացնելու համար մշակութային, գիտական, սպորտային մի շարք ծրագրեր: Համագործակցելով Արցախի, Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների հետ՝ ծրագրերի իրականացումն սկսելու ենք սահմանամերձ համայնքներից: Օգտագործելով երիտասարդության ներուժը՝ մենք փորձելու ենք համայնքներում ևս աշխուժություն մտցնել»,-ասել է Հ. Ավանեսովը և նշել, որ ՀԿ-ում ընդգրկված է 21 անդամ:
Հ. Ավանեսովը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունում ինչպես Արցախից, այնպես Էլ Հայաստանից ընդգրկված են տարբեր ոլորտներից մասնագետներ,որոնք հիմնականում զբաղվում են տարածաշրջանային հիմնախնդիրներով,ուսումնասիրում միջազգային իրավիճակներ և տարբեր ուղղություններով կատարում վերլուծություններ:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ՀԿ-ի ղեկավարը նշել է, որ իրենք նախատեսում են Արցախյան հիմնախնդրի թեմայով կազմակերպել կլոր սեղան՝ մասնակից անելով հիմնախնդրին գիտակ մարդկանց: Նախատեսվում է Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ համատեղ կազմակերպել նաև Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: