Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի 20-ամյակի կապակցությամբ կրթօջախի սաները Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կամակերպել են համերգ:
Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցը 20 տարեկան է (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Միջոցառման ընթացքում հանդես են եկել տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր գրաված շեփորահարների,ջութակահարների, քանոնահարների և կամերային անսամբլները, փողային նվագախումբը, ժողովրդական գործիքների համույթը: Համերգին հնչել են հայրենասիրական երգեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի տնօրեն Գոհար Մկրտչյանն ասել է, որ 1992 թվականին՝ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ժամանելով Արցախ և տեսնելով քարուքանդ եղած Շուշին, ամերիկահայ երգիչ և գեղանկարիչ Կարեն Ղարիբյանը որոշել է շուշեցի երեխաների համար բացել երաժշտական մասնագիտացված հանրակրթական դպրոց։ Վերադառնալով Ամերիկա և իր մտահղացման մասին տեղեկացնելով իր ծանոթներին ու բարեկամներին՝ Կ. Ղարիբյանը գտել է մի քանի համախոհներ, որոնք սկզբում 5, ապա 15 հոգով հիմնել են բարեգործական ընկերակցություն, և ձեռնամուխ եղել դպրոցի հիմնադրման ու դրամահավաքի աշխատանքներին։
Տնօրենի խոսքով՝ դպրոցի շենքի տրամադրման և նորոգման շխատանքներն սկսվել են դժվարին պայմաններում։
«1997թ. դպրոցն առաջին անգամ իր դռները բացել է շուշեցի 30 առաջին դասարանցիների համար, որոնց թիվն այսօր անցնում է 200-ից։ Ուսմանը զուգընթաց՝ տարեցտարի ավելացել են նաև նորոգված դասարանների թիվը։ Ընկերակցությունը ձեռնամուխ է եղել դպրոցի դասարաններից բացի համերգային 2 դահլիճների, համակարգչային կաբինետի, սպորտդահլիճի և մարզական համալիրի՝ ֆուտբոլի և բասկետբոլի դաշտերի կառուցմանը: Դպրոցի յուրաքանչյուր աշակերտ ապահովված է անվճար երաժշտական գործիքով և գրենական պիտույքներով։ Աշակերտները դպրոցում կերակրվում են օրական երկու անգամ»,-ասել է Գ. Մկրտչյանը:
Խոսելով դպրոցում գործող երաժշտական բաժինների մասին՝ մեր զրուցակիցն ավելացրել է, որ դպրոցն այսօր ունի դաշնամուրի, ջութակի, թավջութակի, քանոնի, սրնգի, կլարնետի, շվիի, դհոլի, շեփորի, քամանչայի, ժողգործիքների, Արցախում եզակի՝ զանգակների, օպերայի, մանկական փողային նվագախմբի դասարաններ։
Ըստ նրա՝ այս 20 տարիների ընթացքում դպրոցի սաները, մասնակցելով երաժշտական մրցույթ-փառատոների, առաջնային տեղեր են գրվել, իսկ հանրակրթական բաժնի սաներն էլ շրջանային և հանրապետական առարկայական օլիմպիադաներում հավաքել են բարձր միավորներ:
«Այս ամենում իր ծանրակշիռ դերն ունի դպրոցի գլխավոր տնօրեն Կարեն Ղարիբյանը, ով բացի հովանավորների և Արցախի կառավարության օժանդակությունից, արտասահմանում կազմակերպող անձնական համերգների և նկարչական ցուցահանդեսների միջոցով ապահովում է դպրոցի ֆինանսական բյուջեն»,-նշել է Գ. Մկրտչյանը։
Համերգի ընթացքում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրինությանը, սաներին՝ ազգային մշակույթը լավագույնս ներկայացնելու ու տարածելու համար:
Ըստ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանի՝ Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար կրթօջախի գլխավոր տնօրեն Կարեն Ղարիբյանին շնորհվել է ԱՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Կ. Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել իր վաստակը գնահատելու համար՝ գտնելով, որ կոչումը մեծ պատիվ է, այն նաև պարտավորեցնում է իր որդեգրած գործի նկատմամբ ավելի նվիրումով մոտեցում:
Դպրոցի գլխավոր տնօրենը նշել է նաև, որ ցանկություն ունի ստեղծել սիմֆոնիկ օրկեստր և օպերային թատրոն:
Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի փոխնախարար Վահրամ Բալայանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, հյուրեր արտերկրից և այլք: