Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած իսրայելապաղեստինյան բախումների պատճառով, որի ընթացքում նախնական տվյալներով զոհվել է 58, վիրավորվել՝ 2779 մարդ։
Գազայում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը։ Նաև տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ մայիսի 15-ին Թուրքիայի խորհրդարանում հրավիրվելու է արտահերթ նիստ։ Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ից պահանջել է արտահերթ նիստ գումարել, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Գազայում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից ու ԱՄՆ-ից հետ է կանչում իր դեսպաններին:
Հիշեցնենք, որ բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ: