Անցած տարի պետական բյուջեով նախատեսված 38 միլիարդ 811.5 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 41 միլիարդ 355.9 մլն դրամ:
Անցած տարի ավելացել են պետական բյուջեով նախատեսված սեփական եկամուտները. ֆինանսների նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ներկայացրել է ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ այդ ցուցանիշն իր հերթին 22.7 %-ով ավել է 2016 թվականի փաստացի ցուցանիշից:
ԱՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ նախատեսված 37 միլիարդ 546.8 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 39 միլիարդ 789.6 մլն դրամ: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի աճը կազմել է 22.7% :
«Կարևորում եմ այն փաստը, որ առանց Բեյզ Մեթըլս ընկերության կողմից վճարված հարկերի, աճը կազմել է մոտ 5.5 տոկոս: Ընդհանուր առմամբ, հարկային եկամուտների շուրջ 75 %-ը ապահովվել է խոշոր հարկատուների հաշվին»,- մասնավորապես նշել է Գ. Մարտիրոսյանը:
Ի դեպ, Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 92 միլիարդ 98.1 մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված պլանի 96.5 տոկոսը, նախորդ տարվա համեմատ` պետական բյուջեի ծախսերը աճել են 8.8 %-ով: Ծախսերի աճին նպաստել են հիմնականում ոչ ֆինանսական ակտիվների գծով (կապիտալ) ծախսերն` աճելով 36.4 %-ով` (նպաստումը` 5.6 տոկոսային կետ), ընթացիկ ծախսերը աճել են 3.7 %-ով` ծախսերի աճին նպաստելով 3.2 տոկոսային կետով:
Անդրադառնալով ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ամբողջ ծավալով աշխատավարձերը, թոշակները, նպաստները և կրթաթոշակները ֆինանսավորելուն՝ նախարարը նշել է, որ դրանց ընդհանուր գումարը կազմել 31 միլիարդ 848.9 մլն դրամ կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 34.6 %-ը:
«2017 թվականի պետական բյուջեն կատարվել է նպատակայնության և հասցեականության սկզբունքներից ելնելով, առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի էական կուտակման: Բոլոր հիմնավորված պարտավորությունները, որոնք ստանձնվել էին պետական մարմինների կողմից, ֆինանսավորվել են նախատեսված չափերով: Պետական բյուջեով նախատեսված ծրագրերը հիմնականում իրականացվել են նախանշված ծավալներով` ապահովելով ակնկալվող արդյունքները»,- եզրափակել է Գ. Մարտիրոսյանը: