Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայագզի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկակի քաղաքականություն են վարում Իսրայելի հարցում:
Թուրքիան Իսրայելի հարցում երկակի քաղաքականություն է վարում․ Կարո Փայլան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 16 ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Տեսախցիկների առջև Իսրայելին «ահաբեկիչ» են անվանում, տեսախցիկների հետևում շարունակում նրանց հետ առևտուր անել։ Եթե տեսախցիկների առջև այդպես եք խոսում՝ պետք է Իսրայելի հետ ռազմական ու միջազգային համաձայնագրերի չեղարկման հարցում քայլեր ձեռնարկեք, սա երկերեսանիություն է, և այն կտեսնի ու կլսի ամբողջ աշխարհը», – 1in.am-ի փոխանցմամբ՝ ասել է Փայլանը։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի խորհրդարանում մերժվել է Իսրայելի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և այդ երկրի հետ առկա բոլոր տեսակի համաձայնագրերը չեղարկելու հարցով նիստի հրավիրման առաջարկը։ Հատկանշական է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների պատգամավորների առաջարկը մերժվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժման» կողմից։