Եվրոպական միությունը եւ Իրանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի նավթի առեւտրի հարցերով։
ԵՄ-ն ու Իրանը որոշել են զարգացնել նավթի առեւտուրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թեհրանում այցով գտնվող ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանետեն։
Նա հստակեցրել է, որ նավթի առեւտրի հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կկայանա հենց այսօր։
«Մենք մտադիր ենք սատարել Իրանին նավթի առեւտրի ոլորտում»,-news.am-ի փոխանցմամբ՝ նշել է էներգետիկայի հարցերով հանձնակատարը։
Կանետեի խոսքով՝ ստեղծված կառույցը կօգնի իրականացնել գործարքի հիմնարար բաղադրիչը, որ Իրանի բնակչությունը միջուկային համաձայնագրից օգուտներ ստանա։
Ավելի վաղ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ ԵՄ-ն ու Իրանը որոշել են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ԵՄ-ն որոշել է Իրանի հետ առեւտրում դոլարը փոխարինել եվրոյով։