Մշակույթի ոլորտում տարվող նոր քաղաքականության ծրագրային դրույթներում անպայման նշվելու է Արցախի Հանրապետության հետ համագործակցությունը և մշակութային ծրագրերի համատեղ իրականացումը:
Արցախի հետ բոլոր ծրագրերը շարունակվելու են. ՀՀ մշակույթի նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ այն բոլոր ծրագրերը, որոնք սկսվել են Արցախի հետ, շարունակվելու են:
«Այցի ընթացքում շատ կարևոր հանդիպում եղավ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ իմ արցախցի գործընկերոջ հետ քննարկեցինք հրատապ հարցեր՝ այդ շրջանակում կարևորելով մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ բոլոր հնարավորություններն օգտագործելու հանգամանքը: Այդ առումով կփորձենք համատեղ նոր ծրագրեր մշակել»,- նշել է Լ. Մակունցը:
ՀՀ մշակույթի նախարարի խոսքով՝ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններն անակնկալ էին շատերի համար, սակայն, ընդհանուր առմամբ, այն իր դրական ազդեցությունն է ունենալու բոլոր ուղղություններով: