Ստեփանակերտում կազմակերպվել է «Գիտության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարներն Արցախի երիտասարդության շրջանում» թեմայով կլոր սեղան

13:09   21 մարտի, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱԵԳՄՄ ՀԿ համահիմադիր Ավետիք Հարությունյանը, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին և կազմակերպության անդամներին մասնակցության համար:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես են եկել հրավիրվածները, ովքեր կարևորել են նման հասարակական կազմակերպության դերն ու նշանակությունը երիտասարդության շրջանում, որից հետո կայացել է ակտիվ քննարկումներ՝ երիտասարդությանը հուզող տարբեր հարցերի շուրջ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ համահիմադիր Ավետիք Հարությունյանը նշել է, որ կազմակերպությունը ստեղծվել է ընթացիկ տարվա հունվարի 13-ին:

«Կլոր սեղանի հրավիրման նպատակն է բացահայտել գիտությամբ զբաղվող երիտասարդներին հուզող հիմնախնդիրները, առաջարկել դրանց լուծման եղանակները, ճիշտ օգտագործել երիտասարդ գիտնականների ներուժը պետական և մասնավոր հատվածներում, ձեռնամուխ լինել ԼՂՀ-ում գիտության երիտասարդացման ծրագրի մշակման աշխատանքներին»,-ասաց Ա. Հարությունյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԵԳՄՄ ՀԿ նախագահ, ի.գ.թ., դոցենտ  Սիրանուշ Պետիկյանը, ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Ստեփանակերտի մասնաճյուղի ռեկտոր Վահրամ Հայրապետյանը, Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և կազմակերպության անդամներ:



© artsakhpress.am