Արմեն Աշոտյանը հանդիպել է ԱրՊՀ ուսանողների հետ

18:09   23 մարտի, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իր ողջույնի խոսքում ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը մասնավորապես նշել է.«Համագործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է նշված ոլորտում հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետորեն իրականացմանը»:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության ոլորտում կատարված և կատարվելիք մի շարք հարցերին ու խնդիրներին՝ կարևորելով երկու նախարարությունների համագործակցությունը: Ա. Աշոտյանի խոսքով՝ պետությունը պատրաստ է աջակցելու, խրախուսելու՝ փոխհատուցելով այն ուսանողների ուսման վարձերը, ովքեր կունենան կայուն գիտելիքներ և կձգտեն լավ սովորել:

Այնուհետև Ա. Աշոտյանը պատասխանել է ոլորտի ներկայացուցիչներին և ուսանողներին հուզող բոլոր հարցերին՝ տալով լիարժեք պատասխաններ։

Հանդիպման ընթացքում հնչած հարցերի մեծ մասը վերաբերում էր կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին, բարեփոխումներին, ուսանողների ուսման վարձերի զեղչային քաղաքականությանը ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի ընթացքին:

Հանդիպման ավարտին ԱրՊՀ ռեկտորը, հայտնելով իր շնորհակալությունը, իր հերթին ևս կարևորել է նման հանդիպումները, որոնք խթանիչ դեր են կատարում կրթության և գիտության զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, կրթության ոլորտի մի շարք այլ աշխատակիցներ  և ուսանողներ:



© artsakhpress.am