Կալիֆորնիայի պատվիրակները տպավորված են Արցախի ընտրական գործընթացով

18:17   2 մայիսի, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2  ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գեյլ Պելլեդին մասնավորապես ասաց, որ առաջին անգամ է գտնվում Արցախում։ «Այն ամենը ինչ ես տեսել եմ լիովին ինձ դուր է եկել, ամեն ինչ դրական է։ Արցախի կուսակցություններից տեղյակ եմ օրինակ՝ «Ազատ հայրենիք», և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ներից։ Ես շատ ուրախ եմ, որ կա շատ տեղեկություններ համացանցում՝ ընտրությունների մասին, որի միջոցով էլ ճանաչել եմ։ Ես տեսնում եմ, թե ինչքան կարևոր է ընտրությունները Արցախի բնակչության համար»,- ասաց Պելլեդին և հավելեց, որ Արցախում իրեն շատ է գրավել հատկապես մարդկանց ջերմ վերաբերմունքը։


Քարին Մակդոնալդն, ով որպես դիտորդ արդեն երկրորդ անգամն է Արցախում, նշեց, որ առաջին անգամ եկել է նախագահական ընտրությունների ժամանակ՝ 3 տարի առաջ։ «Այդ ժամանակ ընտրություններին մարդիկ շատ ակտիվ էին։ Նախագահական ընտրություններից հետո մենք հաշվետվություն ենք կազմել, որտեղ գրել ենք, որ Արցախում ընտրությունները անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, բարձր մակարդակով և թափանցիկ։ Այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ, բայց մինչ այժմ ամեն ինչ կարգին է, և վաղը սպասում եմ գրեթե անթերի ընտրությունների»,- ասաց Մակդոնալդն և ավելացրեց, որ որպես քաղաքագետ իր կարծիքը կասի ընտրությունների ավարտին։

Հետաքրքիր զրույց ծավալվեց Քրիստի Աբաջանի հետ, ով նշեց, որ մանուկ հասակում 5-6 անգամ այցելել է Արցախ։ «Այս անգամ եկել եմ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հետ։ Ինձ դուր է գալիս այս ընտրական գործընթացը, որպես դիտորդ առաջին անգամ եմ այստեղ։ Ամեն ինչ ընթանում է լավ ու թափանցիկ։ Գալուցս մի քանի օր առաջ ես ծանոթացել եմ ընտրություններին մասնակցող բոլոր 7 կուսակցությունների ծրագրերի հետ։ Ծանոթ եմ «Ազատ հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններին»,- ասաց Աբաջան՝ նշելով, որ պաատերազմից հետո երբ եկել էր Արցախ ամեն ինչ շատ տխուր էր, իսկ հիմա աշխույժ և շատ ուրախ կյանք է տեսնում։



© artsakhpress.am