Պեսկով. Սիրիայի ճգնաժամի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ բանակցություններ վարելու որոշում չկա

16:03   26 դեկտեմբերի, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, առայժմ հստակություն չկա, նախագահ Էրդողանի երեկվա զանգը հիմնականում ցավակցություն հայտնելու նպատակով էր: Երեկ Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներն իսկապես աշխատանքային հագեցած օր են անցկացրել, նրանք գլխավորապես կենտրոնացել են բարձր տեխնոլոգիաների վրա: Երկու ձեռնարկություն են այցելել: Խոսել են ԵՏՄ շրջանակում բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ռուսաստանի եւ Ղազախստանի համագործակցության մասին»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե Նազարբաեւի եւ Թուրքիայի նախագահի հետ Պուտինի վերջին շփումներից հետո Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունների կազմակերպման առաջընթաց կա՞:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվել է Սիրիայում հակամարտող կողմերին ներկայացնելիք առաջարկի շուրջ՝ խաղաղ բանակցությունները Աստանայում շարունակել նոր հարթակում: Նրա խոսքով՝ այն կարող է լրացնել Ժնեւի բանակցությունները: Առաջարկին համաձայնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:



© artsakhpress.am