Անցած տարին սարսափելի էր Թուրքիայի համար. երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողան

15:53   5 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում, վերլուծելով 2016 թվականը, այս մասին նշեց Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը:

«Հիշո՞ւմ եք հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձը, որից հետո բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին: Այստեղ չկա խոսքի ազատություն, ճնշումներ եղան լրատվամիջոցների նկատմամբ: Մենք ազատության և ժողովրդավարության հույս ունենք, բայց օրեր առաջ ալևիների հեռուստաընկերություն փակվեց»,- ասաց նա՝  նշելով, որ դեռ մարդիկ կան, որ պայքարում են կատարվողի դեմ:

Նա նկատեց, որ հիմա Թուրքիայում նաև տնտեսական խնդիրներ կան:

«Մենք պատրաստվում ենք պայքարել, շարունակել մեր պայքարը»,- ասաց Սելինա Դողանը:

Անդրադառալով հայ համայնքին վերաբերող խնդիրներին՝ հայազգի պատգամավորը մատնանշեց, որ առաջիկայում կարևորագույն իրադարձությունը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններն են:

«Իհարկե, այստեղի հայերն էլ ունեն իրենց վախերը»,-նշեց նա՝ հավելելով, որ հայերը ևս որպես ազգային փոքրամասնություն Թուրքիայում դառնում են ատելության, խոսքի, էթնիկ խտրականությունների զոհ:

Ըստ հայազգի պատգամավորի՝ Թուրքիայում այս տարվա կարևոր իրադարձությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը կլինի:

«Ցանկանում են վերացնել խորհրդարանական համակարգը, հիմնել կառավարման նախագահական համակարգ: Ամենամեծ փոփոխությունն այստեղ այն է, որ ամբողջ իշխանությունն անցնում է նախագահին»,- նշեց Սելինա Դողանը՝ հավելելով. «Փաստորեն (Ռեջեփ Թայիփ) էրդողանը ցանկանում է ոչ միայն մի կուսակցության նախագահ լինել, այլ նաև ամբողջ հանրապետության՝ երկիրը միանձնյա կառավարելով»: 

Սելինա Դողանը նկատեց, որ կառավարման մոդելը փոխելով՝ Թուրքիայում իշխանությունը հասարակությունից անցնելու է մեկ մարդու: «Սա Թուրքիայի համար կլինի հետքայլ, հետընթաց»,- ասաց նա՝ նշելով, որ  Եվրամիության համար ամենակարևորն իշխանության բաշխումն է, և եթե Թուրքիան իշխանությունը կենտրոնացնում է մի մարդու ձեռքում, ապա հեռանում է Եվրամիությունից:



© artsakhpress.am