Հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, եւ այժմ դին մեզ մոտ է. Մովսես Հակոբյան

19:01   8 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր` հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Այն տեղեկությունը, որ տիրապետում է գլխավոր շտաբը, ամբողջությամբ հասանելի չէ հասարակության համար: Հասարակությանը տրամադրվում է այն տեղեկությունը, որը գաղտնիություն չի պարունակում: Այն, ինչ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, մանրամասն վերլուծվել է: Կարող եմ միայն ասել այն, որ հակառակորդը, որն առաջադրանք է կատարել, խոցվել է, եւ այժմ դին մեզ մոտ է: Մնացած տեղեկությունը գաղտնի է, միայն կարող եմ ասել, որ խումբը, որը մեկնել է աջակցելու, բավական հմուտ է գործել եւ հնարավորություն չի տվել հակառակորդին նպատակն իրականացնել»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ առաջնագծի՝ արդիական տեխնիկայով հագեցվածության շնորհիվ հնարավոր է դարձել կանխագուշակել հակառակորդի հարձակումը եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել. «Ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում տեխնիկայով հագեցվածությունը դրական արդյունքներ է տալիս, հնարավորություն է ընձեռում ժամանակին կանխորոշել հակառակորդի հարձակումը եւ կանխարգելիչ գործողություններ իրականացնել»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:



© artsakhpress.am