Ղարաբաղը ինքնուրույն սուբյեկտ է, զարգացող, անկախ նրանից՝ ճանաչո՞ւմ են այն, թե ոչ. ռուսաստանցի վերլուծաբան

18:40   9 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ անդրադառնալով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպմանը։

Սատանովսկին նշեց, որ Նիկոլայ Բորդյուժան կարող էր անձնական դիրքորոշումը հայտնել, բայց շեշտեց, որ դա ամենևին էլ կարևոր չէ, որովհետև Ղարաբաղն այն է, ինչ ներկայումս կա:

«Միանգամայն հստակ է, որ ԼՂ-ն Ադրբեջան չէ, չի կարող դառնալ: Նախորդ տարվա ապրիլից, երբ Ադրբեջանը փորձեց քայլեր ձեռնարկել հակառակի ուղղությամբ, մենք տեսանք, որ դա անհնար է, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինել չի կարող, եթե անգամ դրան օգնի Թուրքիան: Սա փաստ է, որի հետ կարելի է համակերպվել կամ ոչ»,- ասաց Եվգենի Սատանովսկին: 

Վերլուծաբանի խոսքով՝ անժխտելի է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղը «ցավոտ» թեմա է և հանրությունը, իշխանությունը չի կարող հանգիստ ընդունել, ընկալել իրականությունը և շարժվել առաջ: 

«Ղարաբաղը զարգանում է, բավական հաջող առաջ է գնում: Չեմ կարող ասել, որ արվում է ամեն ինչ, որ ԼՂ կարգավիճակը ամրապնդվի, բայց երկիրը զարգանում է: Կա երևույթ՝ ամուսնալուծություն, բաժանում: Ադրբեջանն ու Ղարաբաղը բաժանվել են ու միանալ չեն կարող: Բոլորը պիտի հանգիստ ապրեն, դադարեցնեն միմյանց սպանելը: Ղարաբաղը ինքնուրույն սուբյեկտ է, անկախ նրանից՝ ճանաչվա՞ծ է, թե ոչ: Բուլղարիան 25 տարի Ռուսաստանից բացի ոչ մեկը չէր ճանաչում և ի՞նչ: Ղարաբաղը տնտեսություն ունի, ծաղկում է, հիասքանչ պատկեր կա, երբ երեկոյան տրանսպորտի շարժը դադարում է, կանայք սայլակներով զբոսնում են: Սա շատ ռոմանտիկ ու զարգացած տարածք է: Չեն ճանաչում, հետո՞»,- նշեց Եվգենի Սատանովսկին:



© artsakhpress.am