Ստամբուլահայ երաժիշտը հաղթող է ճանաչվել Tromp միջազգային երաժշտական մրցույթում

20:24   9 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «Ակօսը» հատուկ անդրադարձ է կատարել տաղանդավոր պոլսահայ երիտասարդին, զրուցելով նրա հետ իր հետագա ծրագրերի մասին, փոխանցում է ԹԵՐԹ.ամ-ը:

1993թ.-ին Ստամբուլում ծնված Էմիլը մեծացել է մի ընտանիքում, որտեղ երաժշտության հանդեպ անտարբեր չէր ոչ ոք:

Դաշնամուրի դասեր առնելուց հետո հայ երիտասարդը որոշում է ընդունվել Ստամբուլի Միմար Սինանի անվան գեղեցիկ արվեստների հեղինակավոր կոնսերվատորիան:

«Դասընկերներիցս մեկի մայրն ու հայրը աշխատում էին Միմար Սինանի կոնսերվատորիայում: Գիտեին երաժշտության հանդեպ հետաքրքրությանս մասին: Լուր տվեցին, մասնակցեցի քննությանը, ընդունված 10 ուսանողներից մեկը դարձա»:

Երկու տարի տրոմբոնի վրա նվագել սովորելուց հետո Էմիլն իր իսկ ցանկությամբ փոխադրվում է հարվածային գործիքների բաժին, որն Էմիլի խոսքով`իր երազանքն էր:

Այնուհետև ուսումն արտասահմանում շարունակել վճռած Քույումջյանը ընդունելության հայտ է ներկայացնում Գերմանիայի միանգամից երեք քաղաքների համալսարաններում. Շտուտգարդ, Մյունխեն և Լայպցիգ: Երեք համալսարանների քննություններն էլ հեշտությամբ հաղթահարած հայ երաժիշտն ի վերջո ընտրում է Շտուտգարդն ու այստեղ հնարավորություն ստանում աշխատելու Հարըլդ Լյոհլեի, Քլաուս Դրեհերի և այլ ճանաչված երաժիշտների հետ: Մի քանի տարի անց մեկ այլ կրթական ծրագրով Ֆրանսիայի Լիոն քաղաք մեկնած Քույումջյանը հետագայում կրկին վերադառնում է Գերմանիա և ավարտում ուսումը Շտուտգարդում: 

Խոսելով Tromp միջազգային երաժշտական մրցույթի մասին՝ Էմիլն անկեղծացել է, որ մրցույթի ամեն փուլն ընկալել է որպես առանձին համերգ և աշխատել է ըստ դրա ընտրել իր ստեղծագործություններն ու դրանց մեկնաբանությունները: 

«Փորձել եմ հնարավորինս բնական լինել, ինչն, ըստ իս, բավականին բարդ բան է», - ասել է Էմիլն ու նշել, որ երազում է շարունակել ստեղծագործել`հարստացնելով իր երաժշտությունը:

 



© artsakhpress.am