Իմ ելույթից հետո թուրքական իշխանությունների տրամադրությունները փոխվել են․ հայ երեխաներին թույլատրվել է նշել Ամանորը. Կարո Փայլան

22:01   9 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նշեց, որ գնացել է այդ քայլին՝ ի պատասխան Ստամբուլի որոշ դպրոցներում  հայկական Ամանորը և Սուրբ ծնունդը  նշելու հետ կապված խոչընդոտների:

«Երբ ես ելույթ ունեցա, Խորհրդարանը լի էր մարդկանցով և իմ ելույթից հետո բոլորը մոտենում էին ինձ և ասում, որ մենք չգիտեինք Կաղանդի (Նոր տարվա), Ծննդյան տոնի մասին»,- Tert.am-ի հետ զրույցումպատմեց ստամբուլահայ պատգամավորը:

Հիշեցնենք, որ Կարո Փայլանը խորհրդարանում ունեցած իր ելույթն ավարտել էր հայերենով շնորհավորելով Սուրբ Ծնունդը: «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս»,- ասել էր պատգամավորը:

Նրա խոսքով՝ նրան էին մոտենում անգամ ազգայնական կուսակցության ներկայացուցիչները: «Դժբախտաբար մենք ապրում ենք մի վայրում, որտեղ կան ծայրահեղ ընկալումներ, գաղափարներ, իսլամիստներ, ծայրահեղական ազգայնամոլներ: Դրա պատճառով այլ ինքնություններ մերժվում են: Ես իմ ելույթով փորձել եմ այդ մասին պատմել: Ես խոսեցի Սուրբ ծնունդի խորհրդի մասին և շնորհավորեցի բոլորին: Ամենը համերաշխության մասին էր»,- ասաց նա:

Կարո Փայլանը ուրախությամբ նկատեց, որ իր ելույթն արձագանք է ստացել ամբողջ աշխարհի կողմից՝ հատկապես հայկական սփյուռքի: «Ստամբուլի հայերին հատկապես ուրախացրել էր իմ ելույթը։ Հատկապես այն հատվածը, երբ ասացի ՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

Ստամբուլահայ պատգամավորի խոսքով՝ նրա ելույթից հետո թուրքական իշխանությունների կողմից հետապնդումներ կամ հատուկ վերաբերմունք չեն եղել: «Իմ ելույթով ես բոլորին կոչ էի անում միմյանց նկատմամբ հոգատար լինել: Թուրքիայում տիրում են ազգայնական տրամադրությունները»,- ասաց  նա:

Ըստ նրա՝ իր ելույթից հետո թուրքական իշխանությունների տրամադրությունները փոխվել են․հայ երեխաներին թույլատրվել է նշել Ամանորը: «Ես Խորհրդարանում դիմեցի Թուրքիայի կրթության նախարարին, խնդրեցի, որ նման քայլի չդիմեմ, թույլ տան, որ մեր երեխաները ճանաչեն իրար»,- ասաց նա:

Կարո Փայլանը պատմեց, որ իր քայլերը նկատելով, համայնքը հաճախ է իրեն ասում, որ լռի, «Չնայած նրանք ուրախ էին իմ ելույթից, բայց հաճախ են ինձ խորհուրդ տալիս, որ լռեմ, վախենում են: Բայց ես ելույթիցս հետո խոսել եմ Թուրքիայի կրթության նախարարի հետ, նա ինձ ասել է, որ իրենք պատրաստվում են լուծել խնդիրը։ Ես կարծում եմ, որ մյուս տարի մենք նույն խնդրի առջև չենք կանգնի»,- ասաց նա:



© artsakhpress.am