Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահը ադրբեջանական լրատվամիջոցում հրապարակված հարցազրույցը կեղծիք է համարում

12:07   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Facebook-ի իր էջում Աշոտ Ավանեսյանը ադրբեջանական լրատվամիջոցներում իրեն վերագրվող հայտարարությունները հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է իբր ինձ հետ արված հարցազրույց, որտեղ նշվել են բացարձակ կեղծ դրույթներ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա կեղծ հարցազրույց է, դա կեղտոտ սադրանք է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը ցանկացած հայի համար եղել է, կա եւ կլինի բարձրագույն արժեք՝ անկախ նրա ծննդավայրից կամ բնակավայրից: Միայն նշված պայմանների ապահովման դեպքում է հնարավոր հակառակորդ կողմի հետ հետագա փոխզիջումների մասին խոսել: Շատ կուզենայի հասկանալ՝ ինչու եւ ում է անհրաժեշտ այդ կեղծ լրատվությունը, որի մասին ամենեւին տեղյակ չեմ»:

Կեղծ հարցազրույցը տարածել է Ադրբեջանի ԱՊԱ գործակալությունը, այնուհետեւ հարցազրույցը վերահրապարակել են ադրբեջանական այլ լրատվամիջոցներ, որը մեկ ավելորդ անգամ եւս հաստատում է Ադրբեջանի քարոզչամեքենայի «աշխատանքի» մեթոդները:



© artsakhpress.am