ԱԳ փոխնախարար Նազարյանը Ֆրանկ Էնգելին ներկայացրել է Բաքվի ագրեսիայի հետեւանքները

14:40   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, շարունակվող ոլորտային երկխոսությանը եւ այլ հարցերի: Պատգամավորի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ զարգացման հեռանկարները:

Ընդգծվեց նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի հետեւողական իրականացման ու դրանց հանդեպ գործադիր եւ օրենսդիր մակարդակներում մշտական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը:

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետեւանքների վերացման ու բանակցային գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համատեքստում երկուստեք կարեւորվեց հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում եւ եվրոպական հանրային կարծիքում իրազեկվածության բարձրացումը:

Մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումների շուրջ:



© artsakhpress.am