Արցախի մարտարվեստների ասոցիացիան Ստեփանակերտում կկազմակերպի պրոֆեսիոնալ առաջնություն

17:38   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը՝ ամփոփելով 2016 թվականի հաջողություններն ու ձեռքբերումնեը:

Ասոցիացայում գործում է 4 մարզաձև՝ «Քիք-Բոքսինգ», «Մուայ Թայ», «K-1» և խառը մենամարտեր (MMA):

2016 թվականի մարտին Արցախի մարտարվեստների ասոցիացիայի մարզիկները մասնակցել են Թայլանդի մայրաքաղաք Բանկոկում կայացած «Մուայ Թայ» մարզաձևի (Թայլանդական բռնցքամարտ) աշխարհի առաջնությանը, որտեղ մեր մարզիկներից երկուսը՝ Դավիթ Հայրապետյանը և Ալեքսան Աղաբալյանը գրավել են երրորդ պատվավոր տեղերը:

«Դրանից հետո մենք մասնակցել ենք «Մուայ Թայ» ՀՀ առաջնությանը և ՀՀ-ի խառը մենամարտերի (MMA) առաջնությանը»,- ասել է Գարեգին Աղաբալյանը և ընդգծել, որ ասոցիացիայի կողմից անցած տարվա օգոստոսի 3-ին Ստեփանակերտում կազմակերպվել է նախադեպը չունեցեղ պրոֆեսիոնալ մրցաշար, որտեղ ներառվել են Հայաստանի և Արցախի 22 ուժեղագույն մարզիկներ: Ասոցիացիայի նախագահի խոսքով, այս տարի ևս նախատեսում են անցկացնել նման մրցաշար:

Հոկտեմբերի 19-22-ն ասոցիացիայի մարզիկները մասնակցել են ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգում անցկացված խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությանը:

«Ճիշտ է, այդ պայքարում մենք մրցանակային տեղ չենք գրավել, բայց մեր մարզիկների համար այն եղել է լավ փորձաշրջան. նրանցից ոմանք, օրինակ՝ Թաթուլ Ավագյանը, կարողացել են լավ որակներով աչքի ընկնել»,- հավելել է Գ. Աղաբալյանը:

2016-ի վերջին մրցաշարը, որին Արցախի մարտարվեստների ասոցիացիայի մարզիկները մասնակցել են, կայացել է դեկտեմբերի 9-12-ին Երևանում. այն «K-1» մարզաձևի Հայաստանի առաջնություն էր, որին մասնակցել է մոտ 300 մարզիկ: Արցախի հավաքական թիմում ընդգրկված էր 27 մարզիկ, որոնցից 11-ը գրավել է առաջին պատվավոր տեղը, 5-ը՝ երկրորդ, 4-ը՝ երրորդ:

«Ամփոփելով 2016 թվականը՝ կուզենայի հատուկ ընդգծել Դավիթ Հայրապետյանի, Ալեքսան Աղաբալյանի, Հայկ Խաչատուրյանի, Թաթուլ Ավագյանի, Վասակ Բարսեղյանի, Նաիրի Ավետիսյանի և Մարատ Բարսեղյանի անունները»,- ասել է ասոցիացայի նախագահը:

Իսկ ապագա ծրագրերի մասին խոսելիս՝ Գ. Աղաբալյանը շեշտել է, որ ինքը ցանկանում է Արցախում զարգացնել ասոցիացիայում գործող 4 մարզաձևերն էլ. «Մարզիկների թիվը մոտ 170 է: Բայց եթե մարզադահլիճի խնդիր չունենայինք, մարզիկների թիվն ավելի շատ կլինի: Հիմնականում մենք մեր պարապմունքներն անց ենք կացնում Ստեփանակերտի N 8 դպրոցի մարզադահլիճում և «Վիկինգ» մարզասրահում»:



© artsakhpress.am