Հայերը միշտ են վայելել սիրիական իշխանությունների դրական վերաբերմունքը. Ժիրայր Ռեիսյան

18:30   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սիրիական կառավարությունը, առանց խտրականության, հայերին վերաբերում է որպես սիրելի ժողովուրդ: 

«Հայերը, որպես ժողովուրդ, Սիրիայում վայելում են իրենց բոլոր քաղաքացիական իրավունքներն ու պարտավորությունները և բնականաբար պետության հոգատարությունը»,- ասաց նա: 

Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում արաբագետ Հայկ Քոչարյանը նկատել էր, որ հայերի դերը հիմա, կապված պահի անհրաժեշտությունից, Սիրիայում բարձրացել է: Նա հիշատակել էր, որ ժամանակին՝ թուրք-սիրիական մերձեցման շրջանում, արգելվում էր անգամ վաճառել Հայոց ցեղասպանության մասին գրքերը: 

«Դրա համար պետք է օգտվել պահից և ուժեղացնել հայկական էլեմենտի, հայկական գործոնի ազդեցությունը սիրիական ներքաղաքական կյանքում»,- ասել էր նա:

Սիրիայի խորհրդարանի պատգամավորի խոսքով՝ հայերը միշտ են վայելել սիրիական իշխանությունների դրական վերաբերմունքը: 

«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն այդ պետության ընդհանուր արտաքին քաղաքականության հետ առնչվել է: Սիրիան հատուկ կեցվածք չունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ճանաչումը քաղաքական որոշում է, և դա է պատճառը, որ Սիրիան չի ճանաչում ցեղասպանությունը: Բայց պետք է հիշել Դերզորում Հայոց ցեղասպանությանը նվիրված սիրիացի ժողովրդի երախտագիտությունը արտահայտող մատուռը, որը արտահայտում է Սիրիայի վերաբերմունքը խնդրի վերաբերյալ»,- ասաց նա:

Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ հիմա հայերը, ինչպես սիրիացի ժողովուրդը, հավասարապես մասնակցում են Սիրիայի վերածնության, զարգացման գործընթացին: 

«Հայերը՝ որպես քաղաքացի, իրենց մասնակցությունն ունեն Սիրիայի ներքին քաղաքական կյանքում: Այնպես որ հավանական է, որ հայերն իրենց քաղաքական կշիռը բարձրացնեն Սիրիայի ներքին քաղաքականությունում»,-ասաց նա։

Նա նաև գնահատեց Սիրիայում տիրող վիճակը, նշեց, որ Հալեպի մեծ մասը ազատագրվել է, Սիրիան բավականաչափ ազատագրվել է ահաբեկչական խմբավորումներից: Նա հույս հայտնեց, որ շուտով նաև պատերազմի հետևանքով լքած հայերը կվերադառնան Հայաստան:

«Ժողովուրդը երկրի ղեկավարության օժանդակությամբ երկիրը պետք է վերականգնի»,- ասաց նա:



© artsakhpress.am