Պետք է օգտվել պահից և ուժեղացնել հայկական գործոնի ազդեցությունը սիրիական ներքաղաքական կյանքում. արաբագետ

19:31   10 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հալեպի ազատագրումից հետո սիրիական իշխանությունների՝ Սիրիան ամբողջովին ազատագրելու ցանկությունների մասին՝ ասաց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:

«Հալեպի ազատագրումը միաժամանակ շատ հույսեր արթնացնող իրադարձություն էր բոլորի համար, այն ուժերի համար, որոնք կոալիցիայի մեջ են Սիրիայի իշխանության հետ, աջակցում են Բաշար Ասադին: Բայց իրականությունն այն է, որ այն սկիզբն էր քաղաքական գործընթացի: Այսօր մենք ականատես ենք քաղաքական գործընթացի, որն անցած տարի մտավ փակուղի, չէր ստացվում»,- ասաց նա՝ նշելով, որ փաստորեն Հալեպի ազատագրումը կարևոր էր նրանով, որ սկիզբ է դնում քաղաքական գործընթացին, այլ ոչ թե ռազմական գործողություններին:

Արաբագետը նշեց նաև, որ հիմա Ասադի համար կարևոր է Սիրիայի արևելյան հատվածի ազատագրումը, որը կարևոր է իր գյուղատնտեսական հնարավորություններով, բայց որտեղ հիմնականում իշխում են իսլամիստական խմբավորումները: Ըստ նրա՝ արևելյան նահանգների ազատագրումով Սիրիայի իշխանությունները կկարողանան հոգալ երկրում եղած պարենային խնդիրները.«Եթե Բաշար Ասադը ցանկանում է կախված չմնալ արտաքին ֆինանսավորումից, արտաքին օգնությունից»:

Անդրադառնալով Սիրիական ճգնաժամի ընթացքում հիմնախնդրում Հայաստանի ներգրավվածությանը ՝ արաբագետը նկատեց, որ Հայաստան պետությունն ամբողջ ընթացքում կարողացել է բավականին զգույշ լինել և պահել հայ-սիրիական հարաբերությունները որոշակի մակարդակում՝ չվնասելով դրանք: «Փոխարենը հայկական համայնքի աջակցությունը իշխանություններին բերեց նրան, որ այսօր սիրիական իշխանությունները՝ Բաշար Ասադի  գլխավորությամբ, փորձում են նշանակություն տալ հայ համայնքին: Պահն ու իրավիճակն այդպիսին է․ ամենավճռական պահին հայ համայնքը ցուցադրեց, թե որքան կառուցողական կարող է լինել»,- նշեց Հայկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ միշտ չէ, որ սիրիական  պետությունը լավ վերաբերմունք է ունեցել հայ համայնքի նկատմամբ, հիշատակեց, որ ժամանակին թուրք-սիրիական մերձեցման շրջանում, արգելվում էր անգամ վաճառել Հայոց ցեղասպանության մասին գրքերը: «Դրա համար պետք է օգտվել պահից և ուժեղացնել հայկական էլեմենտի, հայկական գործոնի ազդեցությունը սիրիական ներքաղաքական կյանքում»,- ասաց նա:



© artsakhpress.am