Իրաքի դեսպանը հայտնել է Բաշիքայից թուրք զինվորների հետ քաշվելու ժամկետի մասին

15:17   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացնում է T24.com.tr լրատվամիջոցը:

Դեսպանը տեղեկացրել է, որ Մոսուլի ազատագրման գործողությունները կավարտվեն երեք ամսվա ընթացքում: Դրանից հետո, ըստ դիվանագետի, Բաշիքայի ճամբարում գտնվող թուրք զինվորները հետ կքաշվեն: «Երբ լուծվի Բաշիքայի հարցը, կքննարկվեն մյուս համագործակցությունները: Մենք չենք ակնկալում, որ Թուրքիան գործողություններ իրականացնի Իրաքի տարածքում»,- ասել է նա:

Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու հիմնավորմամբ: 2016 թվականի հոկտեմբերին Թուրքիայի մեջլիսը կողմ էր քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:

Իրաքը, սակայն, դատապարտել էր պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Այդուհանդերձ, թուրքական կողմը մերժել էր այդ պահանջը` երկարատև լարվածություն առաջացնելով թուրք-իրաքյան հարաբերություններում: 

 



© artsakhpress.am