ԼՂ ԱԺ մեծամասնությունն ու բնակչության ճնշող մասը կողմ են նախագահական համակարգին. պատգամավոր

21:53   11 հունվարի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, ԼՂ արդարադատության նախարարությունը կուսումնասիրի առաջարկները, դրանց արդյունքում փոփոխություններ կկատարի Սահմանադրության հայեցակարգում, ապա մայր օրենքի վերջնական տարբերակը քննարկելու համար կհրավիրվի արտահերթ նիստ:

Դեկտեմբերի 29-ի նիստում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն արդեն մեկ անգամ քննարկվել է խորհրդարանում և, Վարդգես Բաղրյանի կարծիքով, մեծ դժգոհությունների տեղիք չի տվել: 

Հարցին, թե դժգոհություններ չե՞ն հնչել, որ առաջարկվող կառավարման մոդելը սուպերնախագահական է, ապա պատգամավորը պատասխանեց. «Դժգոհություններ չեն, որ սուպերնախագահական է: Սուպերնախագահական կառավարում չէ, նախագահական է: Կառավարման տարբեր ուժեր համարում են, որ խորհրդարանականն է ճիշտ, մյուս մասը՝ կիսանախագահականին են կողմ, բայց որքանով ես եմ հասկանում՝ մեծամասնությունը նախագահականի կողմնակից է: Դժվար թե կառավարման համակարգի հետ կապված այլևս փոփոխություն լինի, որովհետև մասնագիտական հանձնաժողովը եկել է եզրակացության, որ Ղարաբաղում նախընտրելի է կառավարման նախագահական համակարգը»:

Փոխարենը, ըստ Վարդգես Բաղրյանի, փաստաթղթում այլ փոփոխություններ կլինեն, որոշակի դրույթներ կփոխվեն:

«Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ խորհրդարանում մեծամասնությունը կարծես կողմ է այս փոփոխություններին: Անցկացվել են նաև սոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքում բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է եղել նախագահական կառավարման համակարգին: Իմ դիտարկմամբ էլ՝ մարդիկ ուժեղ նախագահական կառավարմանն են կողմ: Մնացածը՝ ժամանակը ցույց կտա»,- մանրամասնեց պատգամավորը: 

ԱԺ-ում քննարկումներից, քվեարկությունից հետո փաստաթուղթը ստորագրվելու է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի կողմից, ապա նշանակվելու է հանրաքվեի օր:



© artsakhpress.am