Ստեփանակերտում նոր հուշահամալիր է կառուցվում

17:00   14 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հուշահամալիրի շինարարական աշխատանքներ իրականացնող «Կոբրա» ՓԲ ընկերության տնօրեն Արմեն Առստամյանն ասել է, որ այն  կառուցվում է ծննդով արցախցի, պատերազմի մասնակից, մոսկվայաբնակ բարերար Սիմոն Պետրոսյանի մտահղացմամբ  և   օժանդակությամբ:

«Ստեփանակերտի գրեթե բոլոր հատվածներից երևացող այս համալիրում շինարարական աշխատանքներն     ընթանում  են  2007 թվականից: Ընդհանուր առմամբ,  համալիրն՝  իր օժանդակ կառույցներով, զբաղեցնում է մոտ 3000 քառ./մ տարածք: Ծավալատարածական կառուցվածքով այն խաչաձև է, իսկ խաչի թևերը իրենցից ներկայացնում են եռանկյուն կտրվածքով սյունաշարեր: Հատման կենտրոնում  էլ   վեր  է  խոյանալու հուշակոթող: Ջրի հոսքի համար, կառուցվելու է կասկադ, այնտեղից    հոսելու է դեպի փոքր ջրավազաններ: Հուշակոթողը  մոտ 20 մ բարձրություն ունեցող   զարդաքանդակներով 2  կոթողներ  ունի: Նախատեսվում է դրանց  արանքում կառուցել պատյանի մեջ պահված  թուր, ինչը խորհրդանշում է, որ  հայ ժողովուրդը հաղթանակած  թուրը  դրել  է  պատյան, բայց պատրաստ է    վտանգի  պահին  այն  նորից   հանելու: Հուշահամալիրի  տարածքում նաև զբոսայգի  է լինելու` քարե նստարաններով, ծաղկանոցներով, շվաքարան-տաղավարներով: Հուշահամալիրը երկու գլխավոր մուտք ունի. առաջինը՝ Հայկավան թաղամասից, երկրորդը` Կրկժանի կողմից:

Ուրախալին  այն  է, որ  ամեն  բան    հարմարեցված է սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժը  ապահովելուն: Համալիրի տարածքի, առաջին և երկրորդ հարկերում, առանձին մուտքերով կառուցվում է ռեստորանային համալիր, հարավարևելյան կողմից` հյուրանոց: Հիմնական աշխատանքներն ավարտված են. արդեն   սկսվել են   ներքին հարդարման    աշխատանքները: Ամենագլխավորը՝ համալիրն իր ճարտարապետական  կառույցներով, և աշխարհագրական դիրքով որևէ այլ կառույցի չի կրկնում,-մանրամասնել  է   Ա.  Առստամյանը՝  հավելելով,-  հիրավի,   այս հուշահամալիրը հայ ժողովրդի հարատևության և անցյալի հիշողության յուրօրինակ   խորհրդանիշ է  դառնալու»:



© artsakhpress.am