Քաշաթաղում հիմնվել է Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարելիցին նվիրված պուրակ

10:45   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարիների ընթացքում Մելիքյանի կազմակերպմամբ Բերձորում հիմնվեցին պուրակներ, որոնք  կոչվում են  հայ մշակույթի նշանավոր գործիչների և Արցախյան գոյամարտում մարտիրոսների անունով՝ Մոնթեի, Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի, Ստեփան Ալաջաջյանի և այլոց: Մարտի 19-ին Հակարի գետի ձախ ափին իրականացավ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնումը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ռեկտրատի աշխատակիցներ, տարբեր ֆակուլտետների դասախոսներ, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակիցներ:

Մինչ ծառատունկը՝ ԵՊՀ ռեկտորի և Գ. Մելիքյանի կողմից բացվեց պուրակի ցուցանակը: Ա. Սիմոնյանն այս առթիվ ասաց. «Լեոնիդը համալսարական էր, և մենք բախտ ենք ունեցել տեսնել նրան, աշխատել հետը: Այսօր հիմնում ենք նրա ավան պուրակը և  ոգեկոչում՝ խոր հարգանքով ու համոզվածությամբ, որ նրա գործը շարունակվում է և կշարունակվի երիտասարդների կողմից: Նա առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակ ստեղծելու մասին, քանի որ ֆիդայական շարժումով ազգային պայքարը հաղթական լուծում չի ստանա»:

 Այնուհետև Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս օրերին հանդիպում են ունեցել առաջնագծում, տեսել հայրենիքի սահմանը պահող մեր քաջորդիներին և համոզվել՝ հերոսներ այսօր էլ են ծնվում, ծնվելու են նաև վաղը, քանի որ այդ հերոսներին սնուցող հողը սրբազան է:

Զրույցի ընթացքում Ա. Սիմոնյանը տեղեկացրեց՝ Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի և Երևանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջև նախորդ օրը ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր: Նույն օրը հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես ընդունված է՝ յուրաքանչյուր ծառատունկի ժամանակ Գ. Մելիքյանն է հողին հանձնում առաջին տնկին և արտասանում Լևոն-Զավեն Սյուրմելյանի(1905-1995) «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը: ԵՊՀ հայոց բանասիրության ֆակուլտետի դասախոս Սամվել Մուրադյանը գերազանց գնահատեց ուսանողների աշխատանքը, լավ կազմակերպված և ասաց. «Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակին նվիրված պուրակը կանմահացնի հերոսի հիշատակը: Հերոս, ով առաջիններից կանխատեսեց՝ կլինի մեծ բախում, և մեր ժողովրդին պետք է կանոնավոր բանակ»:

Երբ զրուցում էի Ս. Մուրադյանի հետ, մեր հարևանությամբ 10-12 ուսանող միասին էին աշխատում; Հետաքրքրվեցի՝ որ ֆակուլտետից են: Ասացին՝ հումանիտար հոսքի բոլոր ֆակուլտետների տարբեր կուրսերից են: Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Գևորգ Արշակյանը 4-րդ անգամ է, ինչ մասնակցում է բերձորյան ծառատունկերին: Հավատում է՝ այսօրվա տնկիներն էլ են դառնալու հզոր ծառեր: Նույն ֆակուլտետից առաջինկուրսեցի Մարիա Պետրոսյանը Երևանից է. առաջին անգամ է այցելել Արցախ. վստահ է՝ իր տնկած ընկուզենու բերքից շատերն են օգտվելու:  ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ երրորդ օրն է, ինչ Արցախում են: Առաջին օրը ճանաչողական էր՝ այցելել են Դադիվանք, Գանձասար: Երկրորդ օրը եղել են  զորամասում, համալսարանի ուսխորհրդի հանձնաժողովը զինվորների համար կազմակերպել է հուշ-ցերոկույթ՝ նվիրված Լ. Ազգալդյանի 75 ամյակին: Մարտական պարերի շարանով հանդես է եկել «Կարին» ավանդական երգի պարի խումբը: Այցին մասնակցում էին մայր բուհի ընդհանուր 85 ուսանող;

«Ներկա ուսանողների մոտ 80 տոկոսն առաջին անգամ է այցելել Արցախ», -ասաց Վ. Վարագյանը՝ հավելելով, որ բոլորն էլ գոհ են այցից և պատրաստ կրկին գալ:

 «Կարին»-ի տղաները՝ ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ մասնակցում էին ծառատունկին, և յուրաքանչյուր տնկիի մոտ հանդես գալիս մարտական պարերով: Նրանց էին միանում ուսանողները: Այսպիսի միջավայրում կայացավ հերոսի 75 ամյակին նվիրված պուրակի հիմնումը: Զրուցում եմ Գագիկ Գինոսյանի հետ, ով եղել է Լեոնիդի զինվորը:

 «Սիրով ենք մասնակցում ծառատունկին և հիանում ու զարմանում Գուրգեն Մելիքյանի աշխատասիրությամբ, աստծոհաճո առաքելությամբ»,- նշեց նա:

Երևան մեկնելիս ուսանողները կանգ առան Մոնթեին նվիրված պուրակի մոտ, որտեղ հուշաքարին գրված է հերոսի մարգարեական խոսքը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:

Զոհրաբ Ըռքոյան



© artsakhpress.am