Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

10:56   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։

ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն և կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի:

Սերժ Սարգսյանը մաղթել է Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արևշատություն և հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:



© artsakhpress.am