Այս տարի հայ-վիետնամական գործարար ֆորում կկազմակերպվի. ՀՀ դեսպան

13:55   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայֆոնի քաղաքային խորհրդի շենքում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում քաղաքի ղեկավարության հետ։ Դեսպան Վարդանյանն իր ելույթում ներկայացրեց հաստատուն զարգացող հայ-վիետնամական հարաբերությունները, ինչպես նաեւ շնորհավորեց հավաքվածներին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի կապակցությամբ: Կարեւորվեց նաեւ Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի ջանքերը երկու երկրների միջեւ կապերի սերտացման գործում:

Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առեւտրաշրջանառությունն ավելացնելու, համատեղ ձեռնարկությունների ստեղծումն ու փոքր եւ միջին բիզնեսների համագործակցությունը խթանելու նպատակով դեսպան Վարդանյանն առաջարկեց 2017թ-ի ընթացքում Հայֆոնում կամ Հայաստանում կազմակերպել հայ-վիետնամական գործարար ֆորում, ինչպես նաեւ սկսել Հայֆոնը՝ Հայաստանի քաղաքներից մեկի հետ համագործակցության հուշագրի ստորագրման գործընթացը, որը գոհունակությամբ ընդունվեց քաղաքի իշխանությունների կողմից:

Նշենք, որ Հայֆոնը Հոշիմինից հետո Վիետնամի ամենախոշոր նավահանգիստն է եւ համարվում է Վիետնամի արագ զարգացող տնտեսության կարեւորագույն կենտրոններից մեկը, որտեղ տեղակայված են արդյունաբերական եւ լոգիստիկ ազատ գոտիներ:



© artsakhpress.am