Կարո Փայլանը թուրք նախարարից պարզաբանում է պահանջել Տեղապահի ընտրությանը միջամտելու համար

17:17   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝  Կարո Փայլանը ՆԳ նախարարից պարզաբանում է պահանջել, թե ինչ իրավական հիմքերով է Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքական Տեղապահի ընտրությունից հետո գրություն ուղարկել, որում նշվել է, թե իբր անցկացված ընտրությունն ու առաջիկայում կազմակերպվելիք Պատրիարքի ընտրությունը իրավական հիմքեր չունեն։

Նշենք, որ Պոլսո պատրիարքական Տեղապահի ընտրությունից հետո երբ պարզ է դարձել, որ հաղթել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, արք. Գարեգին Բեքչյանը, Պոլսո փոխպատրիարք արք. Աթեշյանը լրագրողներին է ցույց տվել մի գրություն, որում Ստամբուլի նահանգապետարանը ոչ իրավական է համարել տեղի ունեցող գործընթացը։

Տեղի ունեցածից հետո արք. Աթեշյանը հրաժարվում է կատարել խոստումն հրաժարական տալ, ինչը շարունակում է լարված պահել ստամբուլահայ համայնքը։



© artsakhpress.am