Բլոգերների միջազգային ֆորումի կազմակերպիչները հայտնում են իրենց տպավորությունները

17:34   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ստեփանակերտում միջազգային կարգի ֆորում կազմակերպելով՝ նախաձեռնողներն ինչ ակնկալիքներ և նպատակներ են ունեցել. «Արցախպրես»-ը զրուցել է պատասխանատուների հետ: Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ բլոգոսֆերան կարող է ներգրավվել և իր լուրջ ավանդը բերել խաղաղության հասնելու գործընթացին: Նրա խոսքով, ֆորումի մասնակիցներն Արցախն էլ ավելի ճանաչելի կդարձնեն՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները:

«Կարծում եմ, որ սպասելիքները կարդարացվեն, և, անկախ Ադրբեջանի արձագանքից, անհրաժեշտ է, որպեսզի այն լինի շարունակական»,- ասել է Կ. Գաբրիելյանը:

Ֆորումի կայացումը Արցախում շատ կարևոր քայլ համարեց «Արցախակերտում» ՀԿ համանախագահ Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության փաստը՝ Արցախ այցելելու և Ալիևին քննադատելու համար:

«Սա այն ուղերձն է, որ եթե նույնիսկ քրեական հետախուզություն է իրականացվում, միևնույն է, բլոգերները գալու են Արցախ, և նրանց հետաքրքրությունն աճելու է: Ամենակարևորն այն է, որ ցանկացած ոք, հատկապես բլոգերները, լրագրողները, պետք է ազատություն ունենա ցանկացած երկիր այցելելու՝ անկախ այդ երկրի իրավական միջազգային կարգավիճակից, Ադրբեջանը սա պետք է միշտ հաշվի առնի»,- ասել է Ա. Բեգլարյանը:



© artsakhpress.am