Մարմնամարզիկները հայտ են ուղարկել պատանեկան օլիմպիական փառատոնի մասնակցության համար

18:50   20 մարտի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց մարմնամարզության Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չադրչյանը:

Մասնակցելով փառատոնին` մեր աղջիկները հնարավորություն կունենան 2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:

«Երեք մարզուհու համար ենք հայտ ուղարկել, այդքան է թույլատրվում, սակայն չգիտենք` քանիսին կհաստատեն: Պատասխանը կլինի ապրիլին:

Նախատեսում ենք մեր երեք առաջատարների` Աննա Գրիգորյանի (նկարում), Ելենա Հայկազունու, Աննա Պետրոսյանի մասնակցությունը: Սակայն նրանց անունները դեռեւս չենք ներկայացրել ՄՕԿ-ին: Կախված է այն հանգամանքից, թե քանի մարմնամարզիկի կթույլատրեն: Մեկ մարզիկի հաստատման դեպքում Աննա Գրիգորյանը կլինի: Հույս ունեմ, որ գոնե երկու մասնակից կունենանք»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Լիզա Չադրչյանը հայտնեց, որ հավաքի հստակ ծրագիր դեռեւս չունեն: Շարունակելու են մարզվել Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում:

«Աննա Գրիգորյանը, գուցե, մասնակցի Բաթումի քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին: Դեռ որոշված չէ:

Առաջիկայում Ռուբեն Միքայելյանի անվան հուշամրցաշարն է (ապրիին 21-23-ը): Ներդպրոցական մրցում է, սակայն բաց առաջնության կարգավիճակ ունի եւ կարող են մասնակցել ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ արտասահմանից: Մասնակցության հայտեր կան Դուբայից: Այժմ զբաղվում ենք նրանց հրավերի հարցերով:

Առաջնությունը լինելու է 4 տարիքային խմբով (առաջին պատանեկան եւ երրորդ, երկրորդ եւ առաջին մեծահասակների կարգ)»,- նշեց Լիզա Չադրչյանը:

Օլիմպիական փառատոնը կկայանա 2017 թվականի օգոստոսի 19-29-ը:

 



© artsakhpress.am