Ի հիշատակ որդու և հանուն նրա կիսատ թողած գործի. շվեյցարացի բարերարի արցախյան գործունեությունը

17:23   6 հոկտեմբերի, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ այսպես սկսեց զրույցը շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ժակ Մարտենը՝ պատմելով Արցախում բարեգործական ծրագրերի սկսման նախապատմությունը:

«Քանի որ մեր հիմնադրամը տարբեր երկրներում ֆինանսավորում էր ջրագծերի կառուցման ծրագրեր, մեզ հետաքրքրեց այդ զրույցը և որոշեցինք գնալ ու  ծանոթանալ «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպության համահիմնադիրներ Ժակ Մաթոսյանի և Սամվել Սահակյանի հետ: Այդպես սկսվեց մեր համագործակցությունը Արցախի հետ, և 2008թ.-ից սկսած առ այսօր կարողացանք աջակցել շուրջ 12 համայնքների խմելու ջրով ապահովման ծրագրերի իրականացմանը»,- ասել է Ժ. Մարտենը և հավելել, որ Արցախն իր ընտանիքի համար հարազատ վայր է դարձել: «Մեծ ուրախություն ենք ապրում, որ մեր աջակցությամբ գյուղերում լուծվում է խմելու ջրի խնդիրը, որը կենսական շատ մեծ նշանակություն ունի մարդկանց համար: Մտադիր ենք շարունակել մեր գործունեությունը և ուրախ ենք, որ տարիների հետ մենք այստեղ զարգացման առումով մեծ փոփոխություններ ենք նկատում»,- ասել է Ժ. Մարտենը:

Խոսելով «Սեդրիկ Մարտեն» բարեգործական հիմնադրամի ստեղծման և գործունեության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այն կապված է իրենց ընտանիքի համար շատ ողբերգական մի պատմության հետ: «Որդիս՝ Սեդրիկը, աշխատում էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեում՝ որպես սանիտարահիգիենիկ պայմանների ինժեներ: Իր առաջին առաքելությունը նա կատարել է Բոսնիա և Հերցեգովինայում, որից հետո էլ տեղափոխվել է Աֆրիկա: Բուրունդիում գտնվելու ժամանակ մի անգամ արտեզյան ջրերի կառուցման աշխատանքների ավարտից հետո երեք գործընկերների հետ վերադառնում էր, երբ ճանապարհին հարձակվեցին նրանց վրա և որդուս սպանեցին: Շատ ողբերգական էր նրա մահը մեր ընտանիքի համար, և մենք տարիներ ի վեր չէինք կարողանում ուշքի գալ»,- ասել է Ժ. Մարտենը և ավելացրել, որ Սեդրիկի մահից չորս տարի անց կնոջ՝ Դանիելի հետ որոշել են ի հիշատակ իրենց որդու հիմնադրամ բացել, և շարունակել նրա կիսատ թողած գործը…

Զրուցեց՝ Անի Ավանեսյանը



© artsakhpress.am